Մոլդովայի կառավարությունը հավանություն կտա ռմբապաստարանների վերականգնման պլանին դրանց ստուգումից հետո, իսկ ստուգումը ցույց է տվել, որ դրանք պիտանի չեն։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության տեխնիկական վերահսկողության վարչության պետ Ալեքսեյ Լավրիենկոն Radio Moldova ռադիոհեռարձակող ընկերությանը։

«Տեխնիկական վերահսկման վարչությունը անբավարար է համարել ինչպես ապաստարանների վիճակը, այնպես էլ դրանց պահպանման գոյություն ունեցող պահանջները»,- ասել է Լավրիենկոն։ Նրա խոսքով՝ հաշվառման մեջ են քաղաքացիական պաշտպանության 198 ապաստարաններ, դրանց մի մասը գտնվում է մասնավոր անձանց կառավարման տակ, մասամբ ավերված կամ հեղեղված է, վնասված են էլեկտրագծերը, չկա օդափոխություն։ Այս առնչությամբ մշակվել է դրանց վերակառուցման եւ հետագա պահպանման պլան, նշել է Լավրիենկոն։

Ինչպես նշել է Radio Moldova-ն, քաղաքացիական պաշտպանության ապաստարանները կառուցվել են 1960-1980-ական թթ.՝ այնպիսի տեխնոլոգիաների օգտագործմամբ, որոնք արդեն հնացել են։ Արտակարգ իրավիճակի դեպքում դրանցում կարող է տեղավորվել մոտ 62 հազար մարդ։