2023թ. Մյանման արտադրել է 20 տարվա ընթացքում ամենառեկորդային ծավալի ափիոն, որն անցել է հազար տոննայի նիշը, երկիրն այդ ցուցանիշով առաջ է անցել Աֆղանստանից, վկայում է երեքշաբթի հրապարակված ՄԱԿ թմրանյութերի եւ հանցավորության վարչության (UNODC) ամենամյա հաշվետվությունը։

«(Ափիոնի) արտադրությունը Մյանմայում գնահատվում է 1 080 տոննա 2023թ., ինչը 36 տոկոսով ավելին է, քան 2022թ., եւ այժմ գտնվում է ամենաբարձր մակարդակում 2001 թվականից»,- ասված է UNODC-ի Հարավարեւելյան Ասիայի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բաժանմունքի հաշվետվությունում։

Նշվել է, որ մեկ տարում ափիոնի կակաչի (որից ստանում են հերոինը) ցանքսերի մակերեսը Մյանմայում ավելացել է 18 տոկոսով՝ 47,1 հազար հեկտար։ Հիմնական շրջանը հյուսիսային Շան նահանգն է, որին բաժին է ընկնում ափիոնի կակաչի աճեցման 88 տոկոսը։

Մյանման առաջատար է դարձել Աֆղանստանում ափիոնի արտադրության անկման ֆոնին (2021թ. այստեղ հավաքել են մոտ 7 հազար տոննա), քանի որ 2022թ. ապրիլին թալիբների կառավարությունը («Թալիբան» շարժումը ՄԱԿ պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության պատճառով) արգելել է կակաչի աճեցումը, ինչի պատճառով այս տարի Աֆղանստանում արտադրվել է ընդամենը 330 տոննա ափիոն (95 տոկոս անկում), նշել են զեկույցի հեղինակները։