Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ-ին կոչ է արել չսպասել ԱՄՆ որոշմանը Կիեւի ռազմական եւ հումանիտար օգնության մասին։
«Եվրոպան մեծ աջակցություն է ցուցաբերում եւ հնարավորություն ունի շարունակել այն»,- ասել է Կուլեբան POLITICO-ի հարցազրույցում։
Կուլեբան Եվրոպային կոչ է արել չթերագնահատել իրեն եւ չսպասել ԱՄՆ որոշման կայացմանը։
ԵՄ ղեկավարները հինգշաբթի եւ ուրբաթ պատրաստվում են որոշում ընդունել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններն սկսելու եւ 50 մլրդ եվրո օգնություն տրամադրելու մասին։
Կուլեբայի կարծիքով՝ ԵՄ միասնականության ցուցադրման անկարողությունը «կործանարար ռազմավարական հետեւանքներ» կունենա միության համար։ Դա ցույց կտար մնացյալ աշխարհին, որ ԵՄ-ի ներսում ինչ-որ բան այն չէ։ «Ռուսաստանը եւ մյուս խաղացողները ուշադիր հետեւում են այդ գործընթացին, որովհետեւ նրանց թույլ Եվրոպական միություն է պետք»,- ասել է նա։
Կուլեբան մերժել է այն տեսակետը, թե կա հոգնածություն պատերազմից, նա ավելացրել է, որ Ուկրաինայի եւ ԵՄ-ի համար չկա մարտական գործողությունների այլընտրանք։ «Հաջորդ երկիրը, որի վրա Ռուսաստանը կարող է հարձակվել, եվրոպական երկիր կլինի»,- ասել է նա։ «Ուստի Եվրոպան պետք է ավելի վստահ լինի իրեն պաշտպանելու իր ունակության հարցում»։





























