Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տուգանվել է 350,000 ֆունտ ստեռլինգով (440,000 դոլար)՝ 265 աֆղանցիների անձնական տվյալները բացահայտելու համար, որոնք փորձում էին փախչել թալիբներից, հայտնում է AFP-ն:

«Տվյալների այս ցավալի արտահոսքը վնասել էնրանց, ում մեր երկիրը այդքան շատ է պարտական», - ասել է գործակալության խոսնակ Ջոն Էդվարդսը:

Սխալի պատճառով հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ աֆղան թարգմանիչների էլեկտրոնային հասցեները, որոնք կարող էին տեղափոխվել Մեծ Բրիտանիա, հայտնվել են ազատ հասանելիության դաշտում: Այս մասին առաջին անգամ հաղորդվել է 2021 թվականի սեպտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Աֆղանստանը և խոցելի մարդկանց երկրից տարհանելու քաոսային փորձեր սկսվեցին:

Բեն Ուոլեսը, ով այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր, ներողություն է խնդրել և ասել, որ մեկ պաշտոնյա հեռացվել է աշխատանքից:

Մեծ Բրիտանիայի Աֆղանստանի տարհանման ծրագիրը լայնորեն քննադատվել է, և պատգամավորները կառավարությանը մեղադրել են «ղեկավարության, պլանավորման և նախապատրաստման համակարգված ձախողումների մեջ»:

Իր վճռում Էդվարդսը նշել է, որ «խիստ դժվարին» պայմանները տեղում և արագ որոշումներ կայացնելը արդարացում չեն անձնական տեղեկությունները չպաշտպանելու համար: Տուծաժները «խոցելի էին հաշվեհարդարի համար և լուրջ վնասներ կրելու ռիսկի են ենթարկվել», - ավելացրել է նա: «Երբ մարդկանց համար ռիսկի և վնասի մակարդակը բարձրանում է, պետք է արձագանք լինի»:

«Բացահայտված տեղեկատվությունը, եթե այն ընկներ թալիբների ձեռքը, կարող էր այդ մարդկանց կյանքին վտանգ սպառնալ», - հավելել է նա:

Ստացողներից պահանջվել է ջնջել էլ. փոստը, փոխել էլփոստի հասցեն և ապահով ձևի միջոցով տեղեկացնել տեղափոխման թիմին իրենց նոր մանրամասների մասին: Հետաքննության ընթացքում ևս երկու տվյալների արտահոսք է հայտնաբերվել։ Երեք միջադեպերի արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է 265 մարդ։

Ի պատասխան՝ պաշտպանության նախարարությունը ընդունել է խախտման լրջությունը և ասել, որ վերանայել է իր ընթացակարգերը: