Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը սպառնացել է «դժոխք» ստեղծել Հյուսիսային Կորեայում՝ որպես ցանկացած անմիտ գործողության վրեժ, տեղեկացրել է Reuters-ը։

Լարված հռետորաբանությունը պայմանավորված է այն բանով, որ անցած ամիս Փհենյանը հայտարարել էր, որ այլեւս չի հետեւելու Հարավի եւ Հյուսիսի միջեւ 2018թ. կնքված ռազմական պակտին։

«Հյուսիսային Կորեան միայն երկու ընտրություն ունի՝ խաղաղություն կամ ավերածություն»,- ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը։ «Եթե Հյուսիսային Կորեան անմիտ գործողություններ կատարի, նրան դժոխային ավերածություններ են սպասվելու»։

Հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Շինը նկարագրել է այն քայլերը, որոնք զինվորականները նախաձեռնում են իրենց հնարավորությունների բարձրացման համար։ Դրանց թվում են սեփական արբանյակների արձակումը, զինվորների բարեկեցության բարելավումը եւ Հարավի պաշտպանության համակարգի «կտրուկ» ուժեղացումը՝ Հյուսիսի ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար, ներառյալ ռազմական այն պլանները, որոնք նախատեսում են կանխիչ հարվածներ անհրաժեշտության դեպքում։