Ալբանիայի զինված ուժերը թուրքական Baykar ընկերության կողմից կընդունեն «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսպիսի տեսք ունեն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք շուտով կլինեն մեր զինված ուժերի կազմում՝ որպես ռազմական, հետախուզական և քաղաքացիական առաքելությունների առաջադեմ ավիացիոն տեխնոլոգիա»,- գրել է նա Facebook-ում։

Վարչապետը նշել է, որ այդ սարքերը հատուկ նշանակություն ունեն Ալբանիայի և ՆԱՏՕ-ի անվտանգության, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության ռազմավարության, ռազմական ռազմավարության մեջ ամրագրված և դաշինքի նպատակներով պայմանավորված պարտավորությունների կատարման համար:

Ալբանիայի առաջնորդը չի հստակեցրել, թե անօդաչու թռչող սարքերի որ մոդելներն են ստանալու երկրի ռազմաօդային ուժերը: