Բանակցությունների առանցքում առաջին հերթին հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը երկու տարի է՝ 2021-ի դեկտեմբերից հանդիպումներ է կազմակերպում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, այս ընթացքում նրանք մի քանի անգամ համատեղ հայտարարություն են ընդունել՝ հարաբերությունների կարգավորման համար։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր՝ նրանց հարաբերությունների կարգավորումը կազմակերպելու համար։ Այս խաղաղ պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա, խաղաղության այս պայմանագիրը կարող է նաև լավ շրջանակ լինել, որը մենք կարող ենք օգտագործել որպես գործիք՝ տարածաշրջանում հաղորդակցությունը բարելավելու համար, ինչը նաև լավ է այս տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում, օրինակ, Վրաստանի տնտեսական զարգացման համար», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Նշենք, որ պաշտոնական Երևանը բանակցությունների ողջ այս ընթացքում շեշտում էր նաև՝ կարևոր է ոչ միայն փաստաթուղթը, այլև դրա կիրարկումը։

«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր, որը կվերահսկի ձեռք բերված պայմանավորվածութունների իրագործումը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն ուղիղ չի արձագանքել. «Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,- ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն: