ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության և մինչև 2027 թվականը Կիևին 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցի քննարկումն ընդգրկված է դեկտեմբերի 14-15-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում, որի տեքստը հրապարակել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

«Մենք պետք է Ուկրաինային տրամադրենք մշտական, կայուն քաղաքական, ֆինանսական և ռազմական օգնություն և, մասնավորապես, պետք է համաձայնության գանք նրա երկարաժամկետ կայունության համար 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցում», - ասվում է փաստաթղթում։

Միշելը նշել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների կարևորությունը։ Ըստ նրա, այս թեմայով քննարկումը անհրաժեշտ ազդանշան կտա և Կիևին կմոտեցնի Եվրամիությանը։

Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Եվրամիությունը սարսափելի սխալ թույլ տա և բանակցություններ սկսի Ուկրաինայի՝ դաշինքին միանալու շուրջ, նույնիսկ եթե ինքը մնա ԵՄ անդամ երկրների 27 առաջնորդներից միակը։