ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նորից հետաձգել է Իսրայելին ավելի քան 20 հազար М16 հրացանների վաճառքի արտոնումը՝ զգուշանալով Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինցիների վրա ծայրահեղական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակների հարձակումներից։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պորտալի տվյալներով՝ Սպիտակ տունն անհանգստանում է, որ Իսրայելի կառավարությունը բավականաչափ ջանքեր չի գործադրում՝ զսպելու համար ծայրահեղական վերաբնակներին։ Axios-ը նշել է, որ հակամարտության առաջին շաբաթներին Իսրայելը դիմել էր ԱՄՆ-ին՝ հրացաններ մատակարարելու խնդրանքով, որոնցով պետք է զինվեին քաղաքացիական խմբերը Գազայի հատվածի, Լիբանանի եւ Սիրիայի սահմանակից իսրայելական գյուղերում։ Այդ խմբերին ուսուցանում է իսրայելական ոստիկանությունը, որպեսզի առաջինն արձագանքեն ահաբեկչական գրոհի ժամանակ, հիշեցրել է պորտալը։
«Ներկայում այդ գործարքը տեղում անշարժ մնացել է։ Մեզ ավելի շատ երաշխիքներ են պետք Իսրայելի կողմից այն քայլերի վերաբերյալ, որոնք պատրաստվում են իրականացնել, որպեսզի կանխեն ագրեսիվ վերաբնակների հարձակումները, որ ամերիկյան նոր զենքը չի անցնի Արեւմտյան ափի վերաբնակների ձեռքը»,- պորտալը մեջբերել է ԱՄՆ վարչակազմի անունը չնշած ներկայացուցչի խոսքերը։





























