Չինաստանը Պարսից ծոցի երկրներից Հնդկական օվկիանոսով նավթ է ստանում։ Այդ տարածաշրջանը կարող է դառնալ Պեկինի «աքիլլեսյան գարշապարը» եւ հակառակորդներին առավելություններ տալ պատերազմի ժամանակ, գրել է Reuters-ը՝ հղում կատարելով ռազմական կցորդներին եւ վերլուծաբաններին։

Այդ խոցելիությունն այժմ ուսումնասիրվում է այն սցենարների շրջանակում, թե ինչպես կարող է զարգանալ հակամարտությունը Չինաստանի հետ Թայվանի պատճառով կամ Արեւելյան Ասիայի մի որեւէ այլ վայրում։

Խոշոր պատերազմի շրջանակում մեծ լցանավերը կդառնան զավթման կամ ոչնչացման թիրախ, ինչպես XX դարի պատերազմներում, երբ կողմերը թիրախավորում էին իրենց թշնամիների տնտեսական ռեսուրսները, ասել են գործակալության երեք վերլուծաբանական աղբյուրները։ Նրանք նշել են, որ Չինաստանի համար դժվար կլինի պաշտպանել այդ ծովային ուղիները. լցանավերը պաշտպանությամբ լավ ապահովված չեն։

«Չինական ռազմածովային նավերը Հնդկական օվկիանոսում կհայտնվեն ծուղակում,  եւ <...> օդից աջակցություն քիչ կունենան, որովհետեւ սեփական բազաներ կամ օբյեկտներ չունեն, որոնց վրա [Չինաստանը] կարող էր հենվել»,- նշել է Ավստրալիայի ազգային համալսարանի անվտանգության գծով մասնագետ Դեւիդ Բրյուսթերը։

Չինաստանը դեռ «քիչ հնարավորություններ ունի Հնդկական օվկիանոսում ուժ ցուցադրելու համար», կարծում են Պենտագոնում։ Չինաստանի առաջին արտասահմանյան բազան Ջիբութիում բացվել է 2017թ., այնտեղ տեղակայված է 400 ծովային հետեւակ՝ ծովահենների դեմ պայքարելու համար։ Սակայն բազան չունի օդանավակայան եւ շրջապատված է յոթ այլ պետությունների (այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի) ռազմական օբյեկտներով։

Միեւնույն ժամանակ, Հնդկական օվկիանոսում ԱՄՆ ներկայությունը խիստ տարբեր է Չինաստանի դրությունից։ Բահրեյնում է գտնվում ԱՄՆ Հինգերորդ նավատորմը, իսկ Յոթերորդ նավատորմը օգտվում է Դիեգո Գարսիայի աթոլի տարածքից Հնդկական օվկիանոսի կենտրոնական մասում, այստեղ տեղակայված են թռիչքուղիները հեռահար ռմբակոծությունների համար եւ ծովախորշը, որը հարմարեցված է ամերիկյան ավիակիրների տեղակայման համար։

Ավստրալիան օվկիանոսի արեւելյան մասում ուժեղացնում է իր պարեկներին եւ ընդլայնում բազան ամերիկյան եւ բրիտանական, հետագայում՝ ավստրալական ատոմային սուզանավերի համար։

Դեռ 20 տարի առաջ չինական ռազմանավեր չկային Հնդկական օվկիանոսում, իսկ այժմ այնտեղ մշտապես տեղակայված են վեցից ութ նավեր, նշել է Washington Post-ը։