ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը քվեարկել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի արդեն իսկ շարունակվող հետաքննությանը պաշտոնական կարգավիճակ տալու օգտին, հայտնում է BBC-ն։
Այս որոշմանը կողմ է քվեարկել Հանրապետական կուսակցության 221 կոնգրեսական, դեմոկրատական կուսակցությունից՝ 212 պատգամավոր։
Հանրապետականներն ասում են, որ իրենք կասկածում են, որ Ջո Բայդենն անձամբ օգուտ է քաղել իր 53-ամյա որդու՝ Հանթեր Բայդենի՝ արտասահմանյան գործընկերների, այդ թվում՝ ուկրաինացիների հետ հարաբերություններից, մինչդեռ նա օգտագործել է իր հոր, այն ժամանակ փոխնախագահի անունն ու պաշտոնը՝ սեփական բիզնեսը վարելու համար:
Թեև հանրապետականները դեռ այս կասկածների որևէ ապացույց չեն ներկայացրել, պատմությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Ինքը՝ նախագահը, գրավոր հայտարարության մեջ հետաքննությունն անվանել է հանրապետականների «քաղաքական հնարք»։
Բայց Բայդենին դեռ չի հաջողվի հեռացնել։ Ինչպես նշում է Reuters-ը, հանրապետականների այս նախաձեռնությունը դեռևս չի կարող հանգեցնել Բայդենի հեռացմանը նախագահի պաշտոնից։
«Նույնիսկ եթե Ներկայացուցիչների պալատը քվեարկի նախագահին իմփիչմենթի օգտին, Սենատն այնուհետև պետք է պաշտոնապես դատապարտի նրան այս կետերով ձայների երկու երրորդով, և դա գործնականում անհնար է մի պալատում, որտեղ Բայդենի գործընկեր դեմոկրատներն ունեն մեծամասնություն՝ 51-ն ընդդեմ 49-ի»,- պարզաբանում է գործակալությունը:





























