Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային: Այս մասին NEWS.am-ին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարեւորել է Երեւանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման անցկացումը եւ վստահություն հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դեպի ծով ելք չունեցող պետությունների համագործակցությունը եւ զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությանն ուղիների վերաբացման հնարավորություններին եւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:

Ռաբաբ Ֆատիման նշել է, որ Երեւանում անցկացվող «Խթանելով հավասար, մատչելի եւ ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն եւ դիմակայուն տնտեսությունների» խորագրով հանդիպումը հանդիսանում է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ՄԱԿ գլխավոր քարտուղարի անունից վարչապետ Փաշինյանին հրավիրել է Կիգալիում կայանալիք միջոցառմանը: