Ճապոնիայի արևմուտքում գտնվող Սիմա քաղաքի նավահանգստում ափ է նետվել առնվազն 85 տոննա սատկած մանրաձուկ, հաղորդում է Yomiuri թերթը:

Տեղի իշխանությունների կարծիքով՝ ձկները կարող էին լողալ դեպի նավահանգիստ՝ խուսափելու ավելի մեծ գիշատչի հետապնդումից, որից հետո չեն կարողացել դուրս գալ և սատկել են նավահանգստային ջրերում ՝ թթվածնի պակասի պատճառով

Նշվում է նաև, որ ափերի մոտ գտնվող ջրային տարածքում չի հայտնաբերվել թունավոր պլանկտոնի առկայություն, որի տոքսինները կարող էին հանգեցնել ձկների մահվան:

Դեկտեմբերի 8-ին նմանատիպ դեպք է գրանցվել Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո պրեֆեկտուրայի ափին։ Տեղի ձկնորսական ասոցիացիան նշել է, որ նմանատիպ դեպքեր եղել են նախկինում, սակայն խոստովանել են, որ այս անգամ միջադեպի մասշտաբները շատ ավելի լայն են եղել։ Հոկայդոյի իշխանությունները և բնապահպանական մարմինները հետաքննում են միջադեպի հանգամանքները։