Թբիլիսին եվրաինտեգրման գործընթացում հետ է մնում Մոլդովայից և Ուկրաինայից։ Եթե երեք երկրներն էլ դիտարկվեին մեկ փաթեթում, գուցե Վրաստանի շանսերն ավելի մեծ լինեին։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստռանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին ԵՄ-ն որոշակիորեն դժգոհ էր Վրաստանից, և, ըստ փորձագետի, Բրյուսելը որոշել է այդ կերպ պատժել Թբիլիսիին։
«Եթե այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ տեղի ունենան, որ Բրյուսելը ստիպված լինի միացնել Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ին, ապա չեմ կարծում, որ այս անգամ Վրաստանի դեպքում ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես եղավ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ»,- ասել է Մելիքյանը։
Նա հիշեցրել է, որ երբ սկսվեց ուկրաինական ճգնաժամը, երեք երկրներն էլ կարողացան դառնալ ասոցացված պետություններ մեկ փաթեթով, իսկ այժմ Վրաստանը դառնում է թեկնածու, իսկ Ուկրաինան և Մոլդովան երկխոսություն են սկսում ԵՄ-ին անդամակցելու շուրջ։
«Այնուամենայնիվ, սա Վրաստանիհերթական քայլն է եվրաինտեգրման գործընթացում։
ԵՄ-ի հետ Հայաստանի ներկայիս հարաբերությունների համատեքստում կարևոր է, որ հարևան երկիրը նման հաջողության է հասել։
Մի կողմից, Վրաստանի այս ճանապարհով շարժվելու շարունակումը, իսկ մյուս կողմից՝ Թբիլիսիի հավասարակշռված հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեզ համար կանխատեսելի հեռանկարներ են բացում այն տեսանկյունից, որ ապագայում մեզ համար ճգնաժամեր չեն ծագի»,- հավելել է քաղաքագետը։
Ըստ նրա, Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալը կարևոր է նաև Հայաստանի համար, որը շարունակում է իրականացնել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և չի փոխում դրանք, բայց միևնույն ժամանակ աշխատում է դիվերսիֆիկացնել այդ հարաբերությունները։
Քաղաքագետը պարզաբանել է, որ Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը չի նշանակում, որ առաջիկա տարիներին այդ երկրները անպայման կդառնան Միության անդամ։
«Փորձը ցույց է տալիս, որ ընդլայնման գործընթացում բարեփոխումների ճանապարհին մեծ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական գործընթացները։
Ուկրաինան և Մոլդովան առաջընթաց են գրանցել ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին։ Այս երկրների նկատմամբ, որոնք գտնվում են գործընթացների էպիկենտրոնում, ԵՄ-ն ընդունել է որոշումներ, որոնք նախկինում չի կայացրել այլ երկրների հանդեպ։
Նույն բալկանյան երկրները և Թուրքիան դեռևս չեն հասել ԵՄ անդամի կարգավիճակին։
Թբիլիսիից շատ բան կախված չէ։ Բայց դա չի նշանակում, որ այս ուղղությամբ աշխատելու կարիք չկա։ Վրաստանը կշարունակի իրականացնել բարեփոխումների այս օրակարգը»,- ընդգծել է փորձագետը։
Նա դրական է համարել, որ Վրաստանը շարունակում է իր զարգացման ժողովրդավարական ուղին։
«Այս տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանը հավատարիմ են ժողովրդավարական զարգացման գաղափարին»,- եզրափակել Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ Եվրամիության երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ, իսկ Վրաստանը ստացել է թեկնածուի կարգավիճակ։





























