Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դռները և չի արգելափակել շփումների հնարավորությունները, առավել ևս այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է, արդյոք, երկու երկրների արտգործնախարարների երկկողմ հանդիպում։ «Մենք միշտ պատրաստ ենք»,- հավելել է նա։

Ըստ փոխնախարարի, ամեն դեպքում շփումները մնում են։ Նախարարները վերջին անգամ հանդիպել են Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում։ Գալուզինը համոզված է, որ անհրաժեշտ է ակտիվ երկխոսություն պահպանել՝ ազնվորեն քննարկելու և առկա խնդիրները միասին լուծելու ուղիներ գտնելու համար։ «Մենք  սրան ենք նպատակաուղղված։ Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք մեր հարաբերությունների այս շրջանը»,- ասել է Գալուզինը։ Վերջին ամիսներին փորձագետներն արձանագրում  են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։