Իտալիան դիտարկում է արևմտյան ռազմածովային կոալիցիային միանալու հարցը՝ Կարմիր ծովում նավերը Եմենի հութիների հարձակումներից պաշտպանելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ Կարմիր ծովի համար ծովային աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ, սակայն մանրամասներ չի հայտնել։
Իտալական աղբյուրը, ով խնդրել է չհրապարակել իր անունը՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը, ասել է, որ Հռոմին խնդրել են միանալ կոալիցիային, և որոշումը կկայացվի մինչև այս շաբաթվա վերջ:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերն արդեն մեծացրել են իրենց ներկայությունը Կարմիր ծովում՝ պաշտպանելու նավերը հութիների գրավման կամ հարձակման վտանգից:
Հութիները, որոնք կառավարում են Եմենի մեծ մասը, ասում են, որ հարձակումները պաղեստինցիների հետ համերաշխության դրսեւորում են և խոստացել են շարունակել այնքան ժամանակ, մինչև Իսրայելը դադարեցնի հարձակումը Գազայի հատվածի վրա:
Հութիների հարձակումները վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար, քանի որ դրանք ուղղված են Ասիայի և Արևմուտքի միջև մատակարարումների հոսքին և մեծացնում են Կարմիր ծովով ապրանքների առաքման արժեքը:





























