Առաջնագծում ուկրաինական զորքերը բախվում են հրետանային արկերի պակասի և չեղարկել են որոշ ռազմական գործողություններ՝ արտաքին օգնության բացակայության պատճառով, Reuters-ին ասել է Ուկրաինայի Տավրիա զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին։
«Զինամթերքի խնդիր կա, հատկապես՝ հետխորհրդայինների (արկեր)՝ դրանք 122 մմ, 152 մմ են։ Եվ այսօր այդ խնդիրներն առկա են առաջնագծի ողջ երկայնքով»,- ասել է նա։ Հրետանային արկերի պակասը «շատ մեծ խնդիր է», և օտարերկրյա ռազմական օգնության կրճատումն իր ազդեցությունն է թողնում մարտի դաշտի վրա, նշել է նա։
«Այն ծավալները, որ այսօր ունենք, այսօր բավարար չեն՝ հաշվի առնելով մեր կարիքները։ Այսպիսով, մենք դրանք վերաբաշխում ենք»,- ասել է Տարնավսկին։
Ռուսական ուժերը նույնպես զինամթերքի հետ կապված խնդիրներ ունեն, վստահեցրել է Տարնավսկին՝ չհստակեցնելով դրանց բնույթը։ Նա նշել է, որ հարավարևելյան ճակատում ուկրաինական զորքերը որոշ հատվածներում անցել են պաշտպանական դիրքերի, իսկ որոշ հատվածներում փորձում են հարձակվել:
«Որոշ հատվածներում մենք անցել ենք (պաշտպանության), իսկ որոշ հատվածներում շարունակում ենք հարձակողական գործողությունները։ Եվ մենք ռեզերվներ ենք պատրաստում մեր հետագա լայնածավալ գործողությունների համար»,- ասաց նա։
«Այսօր մենք որոշակի դժվարություններ ունենք առաջնագծում գտնվող անձնակազմի հետ։ Այո, այսօր նրանք այնքան էլ թարմ չեն, այնքան էլ հանգստացած չեն»,- ասել է նա։ «Յուրաքանչյուր հրամանատար պետք է ռեզերվ ունենա»։
Կիևում քննարկվում են բանակում տղամարդկանց հավաքագրման գործընթացը բարելավելու ուղիները, և օրենսդիրները մշակում են օրենք, որը կխստացնի գործընթացը, թեև ճշգրիտ մանրամասները դեռ հայտնի չեն:





























