Պետդեպարտամենտը չի առարկում Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու հարցում, բայց հիշեցնում է, որ Կոնգրեսում այդ հարցը կապում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն Անկարայի հավանության հետ, ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքին։ (...) Բայց Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր որոշել են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան հավանություն տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը»,- ասել է նա ճեպազրույցում։
«Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում անել դա որքան հնարավոր է շուտ»,- ավելացրել է Միլլերը։
ՆԱՏՕ բոլոր երկրները, Թուրքիայից եւ Հունգարիայից բացի, արդեն վավերացրել են Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությունը։ Շվեդիան 2022թ. ՆԱՏՕ մտնելու հայտ է ներկայացրել։ Թուրքիան պայմաններ է դրել, որոնք Ստոկհոլմը պետք է կատարեր, որպեսզի Անկարան վավերացներ նրա անդամակցությունը։





























