ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին 2024թ. հունվարի 11-ին կկանգնի Կալիֆոռնիայի դաշնային օկրուգային դատարանի առջեւ 1,4 մլն դոլարի հարկերի չվճարման գործով։
Կալիֆոռնիայի նահանգի Կենտրոնական օկրուգի դաշնային դատարանի համաձայն՝ առաջին նիստը նշանակված է 2024թ. հունվարի 11-ին։
Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին ներկայացվել են հարկերի չվճարման մեղադրանքներ՝ բաղկացած ինը կետից։ Մասնավորապես, նա մեղադրվում է 1,4 մլն դոլարի չափով հարկերից խուսափելու մեջ, որոնք նա պետք է վճարեր 2016-2019թթ.։ ԱՄՆ նախագահի որդին մեղադրվում է նաեւ ոչ ստույգ հարկային հայտարարագրեր ներկայացնելու մեջ։ Ըստ Fox News հեռուստաալիքի՝ նրան կարող է սպառնալ 17 տարվա ազատազրկում։
Մինչ այդ նրան ներկայացվել էին մեղադրանքներ երեք իրավախախտումների գծով՝ կապված զենք ունենալու հետ։ Նախագահի որդուն մեղադրում են կեղծիքի մեջ հրազեն գնելու հարցում, ինչպես նաեւ լիցենզավորված դիլերին իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հաղորդելու մեջ։ Երրորդ մեղադրանքը կապված է այն օրենքի խախտման հետ, որն արգելում է թմրանյութերից կախում ունեցողներին հրազեն ունենալ։





























