Ամերիկացիների 78 տոկոսը բացասաբար է գնահատում երկրի տնտեսության վիճակը։ Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Fox News հեռուստաալիքի կողմից։

Դա 9 տոկոսային կետով ավելին է, քան Ջո Բայդենի նախագահական ժամկետի սկզբում էր, նշել է հեռուստաալիքը։ Հարցվողների 44 տոկոսը կարծում է, որ հաջորդ տարի իրավիճակն ավելի կվատանա։

Հարցվողների 68 տոկոսը դժգոհ է առհասարակ երկրի վիճակից, ինչը 15 տոկոսային կետով ավելին է ամերիկյան գործող վարչակարգի առաջին օրերի համեմատ։ Հարցվողների 46 տոկոսը հայտնել է, որ ներկա կառավարության քաղաքականությունը «իրենց անմիջական վնաս է հասցրել», միայն 14 տոկոսն է նշել, որ նրա գործողություններն «օգնել են իրեն»։

Վիճակագրական վրիպանքը կազմում է 3 տոկոսային կետ։ Հետազոտությունն անցկացվել է դեկտեմբերի 10-13-ի, մասնակցել է ավելի քան 1 000 մարդ։