Եվրոպացի դիվանագետներն անհանգստանում են, որ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում կարող է չեղարկվել օգնությունն  Ուկրաինային։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Լրագրողները հարցման են ենթարկել Թրամփի նախկին եւ ներկա օգնականներից մոտ 20 մարդու, ինչպես նաեւ դիվանագետների։ ԱՄՆ նախկին նախագահը, նրանց կարծիքով, հաղթանակի դեպքում հավանաբար կնշանակի իրեն հավատարիմ մարդկանց Պենտագոնում, պետդեպարտամենտում եւ Կենտրոնական հետախուզական վարչությունում։ Դա կհանգեցնի «արմատական փոփոխությունների ԱՄՆ դիրքորոշումներում Ուկրաինայում պատերազմի եւ Չինաստանի հետ առեւտրի հարցերում։

«Կասկածներ կան, որ Թրամփը կկատարի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների պաշտպանության Վաշինգտոնի պարտավորությունները եւ կդադարեցնի օգնությունն Ուկրաինային»,- նշվել է հրապարակման մեջ։ Դիվանագետներից մեկը նշել է, որ ինքը եւ իր գործընկերները վերջին տարիներին կապ են պահպանել Թրամփի օգնականների հետ։

Գործակալությունը մեջբերել է Թրամփի նախկին օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի մեկնաբանությունները։ Նրա կարծիքով՝ նախկին նախագահը մտադիր է կրճատել ռազմական օգնությունը եվրոպական երկրներին, ինչպես նաեւ խզել տնտեսական կապերը Չինաստանի հետ։

Հրապարակման մեջ նշվել է, որ նախկին նախագահը խորհրդակցում է մի քանի անձանց հետ, որոնք արտաքին քաղաքականության մեջ մեծ փորձ ունեն։ Նրանց թվում են ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթկլիֆը եւ Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելը։ Նրանք հրաժարվել են հարցազրույց տալ Reuters-ի լրագրողներին։