Զարմանալի է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման հետ զուգահեռ ավելանում է մահացած զինվորների թիվը, հայտնել են «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի փորձագետները, հաղորդում է ադրբեջանական Milaz.info գործակալությունը:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ զինվորների մահվան դեպքերը մեծամասամբ կապված են զինվորական ծառայության հետ: Կենտրոնի փորձագետների կարծիքով, 2011-ին Ադրբեջանի պաշտպանական կառույցների ծախսերի համար հատկացվելու է 3,3 միլիարդ դոլար, իսկ դա ամբողջ բյուջեի 20 տոկոսն է: Դա անհրաժեշտություն է ստեղծում լուրջ մոտենալ բանակում տեղի ունեցող գործընթացներին: Սակայն, ցավոք, բանակում կորուստների թիվը օրեցօր աճում է: Ուշագրավ է, որ ռազմական ծախսերի ավելացման հետ զուգահեռ ավելանում է մահացած զինվորների թիվը: Դա ցույց է տալիս, որ Զինված ուժերում անառողջ մթնոլորտ է տիրում, լուրջ խնդիրներ կան` կապված հատկացվող գումարների ծախսման հետ: Մի խոսքով, բանակը արմատական փոփոխությունների կարիք ունի»,-նշված է կենտրոնի հայտարարության մեջ:
Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ, կապիտան Թեյմուր Աբդուլաեւը, մեկնաբանելով «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի հրապարակած ցուցանիշները, նշել է, որ Ադրբեջանի բանակում գրանցվող մահվան դեպքերը թշանու գնդակից զոհվածների թվի հետ մեկտեղ ներկայացվում են որպես կորուստ խաղաղ պայմաններում` հաշվի չառնելով, թե մարդը մահացել է սրտի կաթվածից, ավտովթարից, կամ էլ ինքնասպան է եղել:
«Ներկայացվող ցուցանիշները չափազանցված են: Մահվան բոլոր դեպքերը վերագրվում են Պաշտպանության նախարարությանը: Յուրաքանչյուր կորստին մեծ ցավով եւ կարեկցանքով ենք վերաբերում: Յուրաքանչյուր վերաբերյալ հրապարակում է լինում մամուլում, ոչինչ չի կոծկվում», ասել է նա, գրում է Milaz.info-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ 2011 թվի 9 ամսվա կտրվածքով, Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գրանցվել է ավելի քան 75 զինծառայողի մահվան դեպք: Կենտրոնի փորձագետների հաշվետվություններով, 2004 թվից հետո ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ այդ ցուցանիշը ամենաբարձրն է: Նշենք նաեւ, որ վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական բանակում գրանցվել է զինվորի մահվան եւս 10 դեպք:




























