Եգիպտոսը հայտարարել է Եթովպիայի վերածննդի մեծ ամբարտակի (GERD) շուրջ բանակցությունների ձախողման մասին, հայտնում է Reuters-ը։
«Եգիպտոսը իրավունք է վերապահում միջազգային կանոնադրություններին և համաձայնագրերին համապատասխան պաշտպանել իր ջրերը և ազգային անվտանգությունը ցանկացած վնասի դեպքում», - ասվում է Եգիպտոսի ջրային ռեսուրսների և ոռոգման նախարարության հայտարարության մեջ:
Եթովպիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Եգիպտոսը «աղավաղել է» Եթովպիայի դիրքորոշումները բանակցություններում՝ հավելելով, որ «եգիպտական գաղութատիրության ժամանակաշրջանի մտածելակերպը խոչընդոտներ է ստեղծել մերձեցման ջանքերի համար»:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը հուլիսին հայտարարել էին, որ մտադիր են չորս ամսվա ընթացքում ավարտել վիճելի ամբարտակի շուրջ գործարքը: Տարիների բանակցություններն արդյունք չտվեցին։
Եգիպտոսը երկար ժամանակ դեմ էր նախագծին` Նեղոսից ապագա ջրամատակարարման հետ կապված մտահոգությունների պատճառով, որից նա մեծապես կախված է: Սուդանը` մեկ այլ երկիր, որ գտնվում է գետի հոսանքի ավելի ներքևում, մտահոգություն է հայտնել սեփական ջրային համակարգերի և ամբարտակների կարգավորման և անվտանգության վերաբերյալ:
Եթովպիան, որը պնդում է, որ իրացնում է տնտեսական զարգացման իր իրավունքը, սեպտեմբերին հայտարարել էր, որ ավարտել է Կապույտ Նեղոսի ամբարտակի վրա խոշոր հիդրոէլեկտրակայանի համար ջրամբարը լցնելու վերջնական փուլը:
«Հանդիպումը հաջողությամբ չպսակվեց, քանի որ Եթովպիայիան համառորեն հրաժարվեց ընդունելու որևէ տեխնիկական կամ իրավական փոխզիջումային լուծում, որը կպաշտպաներ բոլոր երեք երկրների շահերը», - ասվում է Եգիպտոսի հայտարարության մեջ:
Եթովպիան, սակայն, հայտարարել է, որ Եգիպտոսը չի ուզում փոխզիջման գնալ: Եթովպիան նախկինի պես հավատարիմ է մնում բանակցային խաղաղ կարգավորման հասնելուն, որը կհամապատասխանի երեք երկրների շահերին և բանակցությունների վերսկսման հույս ունի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:





























