Մալայզիայի կառավարությունն արգելում է Իսրայելին պատկանող և նրա դրոշով լողարկող, ինչպես նաև Իսրայել ուղևորվող բոլոր նավերի մուտքը երկրի նավահանգիստներ։
Վարչապետ Անվար Իբրահիմի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը ուժի մեջ կմտնի անմիջապես և դա պատասխան է ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում Իսրայելի պահվածքին, հաղորդում է CNN-ը:
«Այս պատժամիջոցը պատասխան է Իսրայելի գործողություններին, որոնք անտեսում են հումանիտար հիմնական սկզբունքները և խախտում են միջազգային իրավունքը Պաղեստինի ժողովրդի դեմ շարունակվող կոտորածի և մշտական դաժանության միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:
Մուսուլմանական մեծամասնություն ունեցող Մալայզիան արդեն վաղուց է պաշտպանում պաղեստինցիների իրավունքներն ու շահերը: Ինչպես հարևան Ինդոնեզիան, Բրունեյը, Բանգլադեշը, Մալդիվները և Պակիստանը, նա ևս չի ճանաչում Իսրայելը։
Մալայզիայի անձնագրերում կա նաև մակագրություն՝ «Վավերական է բոլոր երկրների համար, բացի Իսրայելից»: Իսրայելի անձնագիր ունեցողներին արգելվում է մուտք գործել Մալայզիա՝ առանց նախնական թույլտվության։
Մալայզիայի կառավարությունը հայտարարել է, որ 2005 թվականից Իսրայելում գրանցված ընկերություններին և նավերին թույլատրվել է մուտք գործել երկիր: «Սակայն այսօր կառավարությունը որոշել է չեղարկել նախարարների կաբինետի նախկին որոշումը և արգելել Իսրայելի դրոշով նավերի մուտքը երկիր»։
Հայտարարության մեջ նշվում է նաև իսրայելական ZIM համաշխարհային նավագնացության ընկերությունը։ «Որպես տեղեկանք, ZIM նավերը 2002 թվականից հանգրվանում են Մալայզիայի նավահանգիստներում», - ասվում է հաղորդման մեջ: Բացի այդ, Մալայզիան նաև արգելել է Իսրայել մեկնող ցանկացած նավի բեռնվել մալայզիական նավահանգիստներում։





























