Ռուանդացի բժիշկը Փարիզի դատարանի կողմից դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ իր հայրենի երկրում 1994 թվականի ցեղասպանությանը մասնակցելու համար, հաղորդում Է AFP-ն:
68-ամյա Սոստեն Մունիեմանան մեղավոր է ճանաչվել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության նախապատրաստմանն օժանդակելու մեղադրանքներով։
Նրա փաստաբանները հայտնել են, որ նա կբողոքարկի այդ որոշումը։ Մունիեմանան ազատության մեջ է մնացել ամբողջ դատավարության ընթացքում: Նա բանտ չի նստի, քանի դեռ բողոքարկումն ընթացքի մեջ է։
Մունիեմանան, ով Ցեղասպանությունից մի քանի ամիս անց տեղափոխվել է Ֆրանսիա և արագորեն կասկածներ առաջացրել այնտեղ ապրող ռուանդացիների շրջանում, հերքում է իր մեղքը:
Դատավճիռը կայացվել է Ցեղասպանությունից գրեթե երեք տասնամյակ անց, որի ընթացքում սպանվել են թութսի և չափավոր հութու փոքրամասնությունների ավելի քան 800,000 ներկայացուցիչներ։
Այդ ժամանակ գինեկոլոգ Մունիեմանը 38 տարեկան էր։ Նա այն ժամանակ ժամանակավոր կառավարության ղեկավար Ժան Կամբանդայի ընկերն էր։ Նա խոստովանել է, որ մասնակցել է տեղական գիշերային պարեկությանը, որը կազմակերպվել էր թութսիներին հետևելու համար, բայց ասել է, որ դա արել է տեղի բնակչությանը պաշտպանելու համար: Դատախազներն էլ նշել են, որ վկաները նրան տեսել են ամբողջ քաղաքում տեղադրված անցակետերում, որտեղ նա ղեկավարում էր գործողությունները:
Դատախազներն ասել են, որ ապացույցներ կան «մարդկանց ոչնչացնելու նպատակով կանխամտածված հավաքի մասին», և Մունիեման «չի կարող անտեսել» այն փաստը, որ նրանց պատրաստվում էին սպանվել:
Մունիեմանան ժամանել է Ֆրանսիա 1994 թվականի սեպտեմբերին, որտեղ ապրել և աշխատել է մինչև թոշակի անցնելը: Ֆրանսիայի Ռուանդայի համայնքի անդամներն առաջին անգամ նրա դեմ բողոք են ներկայացրել 1995 թվականին։





























