Քուվեյթի նոր էմիր շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահն ընդունել է կառավարության հրաժարականը, էմիրության նախարարների կաբինետի անդամները կշարունակեն ժամանակավորապես կատարել իրենց պարտականությունները։ Այս մասին հայտնել  է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Քուվեյթի վարչապետ շեյխ Ահմեդ Նավաֆ ալ-Ահմեդ աս-Սաբահը երկրի նոր ղեկավարին կառավարության հրաժարականի խնդրանք էր ներկայացրել։

Չորեքշաբթի օրը Քուվեյթի էմիրը երդում է տվել Ազգային ժողովի՝ երկրի միապալատ խորհրդարանի առաջ։ Շեյխ Մաշաալը հաջորդել է շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին, որը վախճանվել էր դեկտեմբերի 16-ին: Քուվեյթի Սահմանադրության համաձայն,  էմիրի մահից հետո գահն ինքնաբերաբար անցնում է թագաժառանգին, սակայն նա կարող է իշխանությունը ստանձնել միայն խորհրդարանում երդվելուց հետո։