Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն դեռեւս հստակ չէ, թե ինչ ձեւաչափով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստան դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը, նշելով, որ առաջիկայում կկայանա կուսակցության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ձեւաչափի հարցը։
«Հնարավոր է մասնակցենք դաշինքով, հնարավոր է միայնակ գնանք։ Մեր մասնակցությունը պարտադրված է։ ՀԴԿ պատրաստ է միայնակ գնալուն, եթե խոչընդոտները չխանգարեն, խոսքը ութ միլիոն դրամ վճարելու, վճարովի եթերաժամի մասին է։ Շատ դժվար է այն կուսակցությունների համար այդ խոչընդոտները հաղթահարել, եթե իր շարքերում չկան օլիգարխներ»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ դա անհավասար պայմաններ է ստեղծում կուսակցությունների համար։
Նա նաեւ նշեց, որ կուսակցությունն արդեն քսան տարի է ունի իր նախընտրական ծրագիրը, որը դեմոկրատական սոցիալիզմի Հայաստանյան մոդելն է, որը տարիների ընթացքում նորացվում է։ « Պետք է երեք բան անել, ազատվել ստվերից, մենաշնորհից եւ օլիգարխիայից։ Եթե կարողանանք դա անել, կկարողանանք զարգացնել Հայաստանը»։




























