Մոտ 50 պետություններ դատապարտել են Ռուսաստան հյուսիսկորեական հրթիռների մատակարարումն ու դրանց կիրառումն Ուկրաինայի դեմ։ «Մենք դատապարտում ենք հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների մատակարարումը Ռուսաստան, ինչպես նաեւ դրանց կիրառումն Ուկրաինայի դեմ 2023թ. դեկտեմբերի 30-ին եւ 2024թ. հունվարի 2-ին»,- նշվել է այն հայտարարությունում, որը հունվարի 10-ին հրապարակել են ԱՄՆ պետդեպարտամենտը եւ Գերմանիայի ԱԳՆ-ն։ Փաստաթղթին միացել են Գերմանիան եւ գրեթե բոլոր եվրոպական պետությունները, ինչպես նաեւ Կանադան, Իսրայելը, Ավստրալիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան։
Պետությունները քննադատել են զենքի ձեռքբերումը՝ հայտարարելով, որ դա հակասում է ՄԱԿ մի քանի բանաձեւերին, որոնց աջակցել է ինքը՝ Ռուսաստանը։ Նրանք ՄԱԿ պետություններին կոչ են արել դատապարտել Մոսկվային եւ Փհենյանին։ Հայտարարությունում նաեւ նշվել է, որ «Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական զենքի օգտագործումը վտանգում է Եվրոպայի, Կորեական թերակղզու, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը»։
«Այդ զենքը խորացնում է ուկրաինացի ժողովրդի տառապանքը»,- նշվել է փաստաթղթում։
Սուրբ Ծնունդից հետո, Նոր տարվա նախօրեին եւ դրանից հետո Ռուսաստանը գրոհների ամենամեծ ալիքներից մեկն է իրականացրել Կիեւի, Խարկովի եւ ուկրաինական այլ քաղաքների դեմ՝ կիրառելով տարբեր տեսակի հրթիռներ եւ հարվածային դրոններ։ Զոհվել է ավելի քան 40 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ սկսած դեկտեմբերի 29-ից ռուսական զորքերը Ուկրաինայի դեմ արձակել են 300 հրթիռ եւ ավելի քան 200 անօդաչու։





























