Հայաստանի ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նաեւ զավեշտալի բաներ են տեղի ունենում: Օրինակ, Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանին դուր չի եկել, որ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իրեն է նայում:

«Նայի Գաբրիելյան Վաչոյին, ինձ ինչի ես նայում»,- ԱԺ հանրապետական պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսպես դիմեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին, երբ  Ազգային Ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում տեղի էին ունենում բյուջետային քննարկումները:

Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այ քեզ բան, բա ո՞ւմ նայեմ, հարց տվողը դու ես»: Այս խորհրդարանական կոլորիտային բանավեճին ստիպված էր միջամտել նիստը վարող ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խնդրելով պահպանել նորմալ մթնոլորտ:

Հարցն ու պատասխանը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հակոբ Հակոբյանը ֆինանսների նախարարից ցանկանում էր տեղեկանալ, թե  հարկային հավաքագրումների պլանը ինչպես է կատարվելու: