Նպատակ ունենալով խրախուսել գիտական թեմաներով լրագրողական հրապարակումները, Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) Օքսֆորդի հայկական գիտական ընկերության (OxArm) հետ համատեղ սահմանել է տարեկան մրցանակներ լավագույն գիտական լրագրողների համար` առաջնությունը տալով տիեզերական թեմաներով հրապարակումներին:

Սահմանված մրցանակներն են.

- լավագույն մամուլի/առցանց հրապարակման համար

- լավագույն ռադիո/հեռուստահաղորդման համար

- ամենաակտիվ լրագրողին (հնարավոր են մեկից ավելի մրցանակներ)

- լավագույն աստղագիտական լուսանկարի համար

Մրցույթին հաշվի են առնվելու 2011թ. ընթացքում տպագրված նյութերը, հեռարձակված հաղորդումները եւ կատարված լուսանկարները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն եւ մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի 19-ին` ՀԱԸ տարեկան ժողովի ընթացքում:

Ներկայացված աշխատանքներն այս կամ այն կերպ պետք է առնչվեն տիեզերական թեմաներին: Նույն նյութերը ցանկալի է տեղադրել նաեւ գիտական լրագրության ֆեյսբուքյան էջում, որտեղ արված գրառումները եւ մեկնաբանությունները նույնպես հաշվի կառնվեն ժյուրիի կողմից հաղթողներին որոշելիս:

Ամենաակտիվ լրագրողի մրցանակի համար անհրաժեշտ է ներկայացնել առնվազն 5 հրապարակում եւ/կամ հեռարձակում: Այդ մրցանակին կարող են հավակնել նաեւ գիտական լրագրության օգտին որեւէ կազմակերպական գործունեություն ծավալած լրագրողները (այդ դեպքում անհրաժեշտ է ամփոփ կերպով նկարագրել կատարված աշխատանքը եւ կցել համապատասխան նյութեր, օրինակ` մամուլի ասուլիսների կազմակերպում, գիտական լրագրության էջում որեւէ ակտիվություն): Լավագույն աստղագիտական լուսանկարի մրցանակին կարելի է ներկայացնել երկնային երեւույթի, աստղադիտարանի կամ որեւէ աստղագիտական միջոցառման լուսանկարներ:

Յուրաքանչյուր մրցանակ բաղկացած է ՀԱԸ/OxArm կողմից տրվող հավաստագրից, 30000 ՀՀ դրամ պարգեւից եւ Science, Nature կամ New Scientist հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերից որեւէ մեկի տարեկան բաժանորդագրությունից: Որպես հատուկ մրցանակներ կտրվեն նաեւ սիրողական աստղադիտակներ: Բացի այդ, լավագույն աշխատանքները կտեղադրվեն նաեւ ՀԱԸ եւ OxArm համացանցային կայք-էջերում: