ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` նոյեմբերի 1-ին, ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքը, հիմնական գործառույթները եւ նպատակները:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը դեսպանին մաղթել է բեղմնավոր աշխատանք եւ հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը կպահպանվի: 

Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ` հատկապես կարեւորելով սահմանային անվտանգության ապահովման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը:

Դեսպանը բարձր է գնահատել Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողմից տրամադրված օգնությունը` որպես հարեւան երկրի նկատմամբ բարի կամեցողության դրսեւորում: ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա է համագործակցության մեծ ներուժ, որը հնարավոր է իրացնել բացառապես խաղաղ եւ գործընկերային մթնոլորտի դեպքում: 

Ջոն Հեֆերը նշել է, որ ԱՄՆ-ը հետեւողականորեն շարունակելու է տարածաշրջանի կայուն զարգացմանը եւ գործընկերային հարաբերությունների հաստատմանն ուղղված իր ջանքերը: