Մամուլի աջակցության «Ինտերնյուս» կազմակերպությունը  «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»  ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝  «Ընտրությունների լուսաբանման մուլտիմեդիա գործիքները» թեմայով դասընթացին մասնակցելու համար։

Դասընթացն անցկացվելու է 2011թ-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը։ Այն վարելու են արտասահմանից հրավիրված խորհրդատուն ու տեղի մասնագետները։ Մասնակիցները ծանոթանալու են ընտրությունների լուսաբանման ժամանակակից մոտեցումներին ու մեթոդներին, ուսումնասիրելու են ընտրություններին վերաբերող ինտերակտիվ նախագծեր, սովորելու են  իրենց աշխատանքում համադրել նոր եւ ավանդական մեդիաներն ու  կիրառել մուլտիմեդիա գործիքները:    

Դասընթացին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր եւ օնլայն թերթերի լրագրողներ, ովքեր աշխատում են մուլտիմեդիա խմբագրության  կազմում։     

Մասնակիցները կընտրվեն ներկայացված հայտերի հիման վրա։

Ուսուցման ընթացքում Ինտերնյուսը նրանց կապահովի անհրաժեշտ սարքավորումներով, սննդով, մարզերից եկողներին՝  ճանապարհածախսով եւ կացարանով։ 

Դասընթացը կազմակերպվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն  է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ եւ  բազմակարծիք լրատվությունը ավանդական եւ այլընտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի  աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: