Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարության և տեխնոլոգիաների փոխնախարար Էնդրյու Գրիֆիթը, որը պատասխանատու է տիեզերական նախագծերի համար, Լոնդոնի գիտության թանգարան այցելության ժամանակ Արեգակը շփոթել է Մարսի, իսկ Յուպիտերը՝ Սատուրնի հետ, հետևում է House պարբերականի հոդվածից։
Գրիֆիթը չի թաքցնում, որ նոյեմբերին նշանակվելուց հետո դեռ սովորում է նոր պաշտոնում աշխատել։ Նա նաև նշել է, որ ինքը «հանրագիտարան» չէ։
House-ին տված հարցազրույցում փոխնախարարը տիեզերքի յուրացման գաղափարն անվանել է հրապուրիչ, սակայն ընդգծել է, որ ինքը չի վճարի այնտեղ որպես տիեզերական զբոսաշրջիկ գնալու համար։ «Դա այլ մարդկանց համար է», - ասել է նա:
Նախարարը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «տիեզերական մեծ տերություն» է, որի հետազոտություններն ու նորարարությունները կարևոր են Մարսի գաղութացման նախագծերի իրականացման համար։ Մեկնաբանելով ոլորտում մասնավոր կապիտալի ներգրավումը, նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է դասական լուծում՝ «իրազեկման բարձրացման» տեսքով։
«Կարծում եմ, որ այնպիսի բաների առկայությունը, ինչպիսին տիեզերական ռազմավարությունն է, որը Մեծ Բրիտանիան չուներ մինչև վերջերս, մարդկանց տալիս է երկարաժամկետ ճանապարհային քարտեզ՝ հասկանալու, թե ինչ ենք անում մենք որպես կառավարություն», - ասել է Գրիֆիթը:




























