Դա ոչ կոռեկտ պահվածք է, ցավում եմ, որ մենք ունենք այդպիսի քաղաքապետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Օղակաձեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելու դեմ բողոքողների մասին ասել էր՝ «ճանճերի նման հավաքվել են թեմայի շուրջ»:

«Կարեւոր չէ՝ մասնավորեցնում է, թե ոչ: Չի կարելի այդպես դիմել որեւէ մեկին, որը քեզ չի վիրավորել: Դա անպարկեշտ պահելաձեւ է:

Ինքը շատ ինքնավստահ ու մենթորային ձեւով շեշտում է, որ դա նվիրատվություն էր «Էվոկաբանկից»: Եթե որեւէ մեկը նվիրատվություն է անում անշահախնդիր, մենք այլեւս այդ մարդու անունը պետք է չլսենք կապված այս նախագծի հետ, որ այգին հանձնվում է նրան կառուցապատելու: Թող այդ հեքիաթները ուրիշներին պատմի, որ դա անշահախնդիր է: Հնարավոր չէ այդպիսի բան, եթե անշահախնդիր է, իրենք չպետք է ստանան որեւէ իրավունք: Մենք «Էվոկաբանկի» դեմ ոչինչ չունենք, մեր պահանջն է, որ կորտերը մնան իրենց տեղում, դրանք կարելի է բարելավել, նորոգել, ավելացնել, ոչ թե քանդել: Ու դա արդեն կլինի հանրային գերակա շահ: Պետք է օրենքով ամրագրել, որ այդտեղ միշտ պետք է լինեն կորտեր»,-ասաց նա:

1990-1991 թվականներին Հայաստանի թենիսի չեմպիոն  Աստղիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե ուզում են ինչ-որ բան վերադարձնել համայնքին, ապա ավելի լավ է կորտերը վերադարձնել համայնքային բալանսի, որ յուրաքանչյուր երեւանցին դա իրենը համարի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով Օղակազեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելու խնդրին, ասել էր հետեւյալը. «Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»: