Երեւանի Օղակաձեւ զբոսայգուց թենիսի կորտերը տեղափոխելը անիմաստ գործողություն է, այդ այգին չի կարելի զրկել կորտերից. ընդ որում սկզբում եղել են կորտերը, այգին հետո է կառուցվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչել եւ քանդել այնտեղ գտնվող թենիսի կորտերը:

«Թող նոր կորտեր կառուցեն որքան կուզեն, դա շատ լավ կլինի, բայց զրկել Երեւանի կենտրոնը կորտերից, դա մեծ վանդալիզմ է»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ քայլերի եք պատրաստ, եթե այդւոհանդերձ, այդ տարածքը հանրային գերակա շահ ճանաչվի եւ կորտերը քանդվեն, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ բոլոր մեթոդները կարելի է օգտագործել: Ես մարդիկ գիտեմ, որ պատրաստ են հացադուլի: Պետք է բողոքի ցույցեր անել եւ ամեն կերպ հասկացնել իշխանություններին, որ այդ որոշումը հանցագործություն կլինի մեր քաղաքի նկատմամբ: Ճիշտն ասած, հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի: Դրան չհասնելու համար պետք է ընդամենը մեկ բան, կառավարության անդամները մերժեն այս ծիծաղելի նախաձեռնությունը»:

Դիտարկմանը, որ այդ նախաձեռնությունն ամենավերեւից է գալիս, Դոլուխանյանը չհամաձայնեց. «Դա կառավարությունը չի որոշել, որոշել է մեկ մարդ: Իմ տեղեկություններով վերեւներում նույնպես զարմացել են այդ որոշումից, եւ շատ մարդիկ կան, որ դեմ են, այդ թվում Երեւանու ավագանու ՔՊ-ական անդամներ: Նրանք զանգահարել են եւ ասել են, որ պայքարելու են դրա դեմ»: