Մարդու իրավունքների եվրոպական դատարան կներկայացվի ադրբեջանական գերությունում մահացած Մանվել Սարիբեկյանի գործն առաջնահերության կարգով քննելու միջնորդություն:

Դատարանում տուժող կողմը ներկայացնող փաստաբան Արա Ղազարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ միջնորդությունը կներկայացվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ գանգատը Մանվել Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի եւ Սիրանուշ Բալյանի անունից ներկայացրել է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակ: Գանգատն արդեն գրանցվել է դատարանում:

Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր, իսկ գյուղի անմիջական հարեւանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը: 2010թ. սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն իր ընկերների հետ գնացել էր գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտական անտառից փայտ հավաքելու եւ իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որտեղից այլեւս չի վերադարձել:

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել է հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետեւ տեղադրվել է համացանցում, որտեղից էլ Մանվելի ծնողները տեղեկացել են, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից եւ որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը փորձել է Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել է նման թույլտվություն տալը:

2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ինքնասպան է եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-սահմաններում կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից եւ սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Մոտ մեկ ամիս անց, 2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանի որ այն եղել է քայքայված վիճակում:

2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ եւ ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

2010թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ըստ որի պարզվել է, որ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, որոնք չէին կարող առաջանալ կախվելու հետեւանքով եւ որոնք առաջացել էին մահվանից մեկ եւ երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել են Մ. Սարիբեկյանի թաղման արարողությանը, նույնպես նկատել են նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր:

Եվրոպական դատարան ներկայացված գանգատում նշվում է, որ անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը, Ադրբեջանը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում գտնվող անձի կյանքի համար:

Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքներին, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:

Ադրբեջանի հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան եւ խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում:

Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ Գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու ակնկալիքով: Մասնավորապես խնդրել է հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է քննություն Սարիբեկյան Մ.Մ. բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

Ադրբեջանի դատախազությունը չի արձագանքել ՀՀ գլխավոր դատախազության գրավոր հարցմանը:

Նկատի ունենալով, որ հարցման պատասխանը էական նշանակություն ունի քրեական գործով նախաքննությանն լրիվությունը ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել էր նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ խնդրելով աջակցել գրության պատասխան ստանալուն:

Համակարգող խորհուրդն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի գրությանը եւ առաջարկել Ադրբեջանի դատախազությանը քննարկել կոնկրետ քրեական գործով իրավական փոխօգնության վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը եւ արդյունքների մասին տեղեկացնել ինչպես համակարգող խորհրդին, այնպես էլ Հայաստանի գլխավոր դատախազությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: