Ռուսաստանցի մեր հայրենակցուհի Սյուզաննա Մկրտչյանը դարձել է ռուսական ամենամյա «Ապրելո՛ւ ենք» հեղինակավոր մրցույթի դափնեկիր։

Մրցանակի հանձնումը կայացել է փետրվարի 3-ին Կրեմլի Պետական պալատի փոքր բեմում՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աջակցությամբ։ Մրցանակն ստացել են 105 դափնեկիրներ ամբողջ Ռուսաստանից՝ 15 անվանակարգերում։ Հանրային քվեարկության արդյունքում դափնեկիրներ են դարձել նշանավոր ուռուցքաբաններ, ուռուցքաբանական հաստատություններ, հասարակական գործիչներ, կամավորականներ, լրագրողներ, բարեգործական կազմակերպությունների եւ սոցիալ-պատասխանատու բիզնեսի ներկայացուցիչներ։ Ամենամյա մրցանակը նվիրված էր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան։

Սյուզաննա Մկրտչյանը հաղթող է դարձել Ուլյանովսկի մարզից, «Լավագույն մանկական ուռուցքաբան» անվանակարգում։ Նրա աշխատանքային ստաժը առողջապահության ոլորտում կազմում է մոտ 10 տարի, ունի առաջին որակավորման կարգ։ 2014թ. դեկտեմբերից նա աշխատում է Ուլյանովսկի Յու.Ֆ. Գորյաչովի անվան մարզային մանկական կլինիկական հիվանդանոցում։ Մասնագիտական գործունեությունում ակտիվորեն ներդնում է երեխաների քաղցկեղի պոլիքիմիաթերապիայի բազմակենտրոն հետազոտությունների ծրագրերի բուժման եւ ախտորոշման ժամանակակից ընթացակարգերը, կիրառում է հեմատոլոգիական հիվանդների ախտորոշման եւ բուժման չափորոշիչներ, տիրապետում է ոսկրածուծի եւ էնդոլյումբալ պունկցիաների բոլոր մեթոդներին՝ ցիտոստատիկ դեղերի ներարկմամբ՝ օնկոհեմատոլոգիական հիվանդների բուժման համար։ 2015թ. Սյուզաննա Մկրտչյանը ՌԴ Մոսկվա քաղաքի առողջապահության նախարարության Դմիտրի Ռոգաչովի անվան Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության եւ իմունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ համատեղ անմիջական մասնակցություն է ունեցել նոր միջազգային ընթացակարգի ներդրման եւ կայացման գործում։ 2019թ. բարեխիղճ աշխատանքի համար պարգեւատրվել է Ուլյանովսկի մարզի առողջապահության նախարարության պատվոգրով, 2021թ.՝ Ուլյանովսկի նահանգապետի անվանական պարգեւով։ Իսկ 2021թ. նրա անունը գրանցվել է Ուլյանովսկի մարզի երիտասարդության պատվո տախտակին։