Երեւանի քաղաքապետարանում այսօր` նոյեմբերի 4-ին, կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է. սահմանել Երեւանի քաղաքապետի ընտրության ժամկետը:

Ավագանու նիստն անցկացնելու մասին որոշումը կայացրել է Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Ըստ «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի, նոր քաղաքապետը Ավագանու կողմից պետք է ընտրվի քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում:

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն ներկայացնելու է հենց Տարոն Մարգարյանի թեկնածությունը: