Երեկ կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: «Հայացք» թերթը գրում է. «Ճիշտ է, այդ մասին կառավարության նիստում պաշտոնական որոշում չընդունվեց, սակայն բանավոր որոշումը լրագրողներին փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը: Պարզվում է, որ այսուհետ լրագրողներն իրավունք չունեն կառավարության նիստից հետո միջանցքում կանգնել եւ պաշտոնյաներից իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ: Պատճառաբանությունն այն է, թե լրագրողները փակում են պաշտոնյաների ճանապարհը եւ չեն ենթարկվում կառավարության կանոններին: Արամ Անանյանը երեկ լրագրողներին խստորեն հրահանգեց աշխատել միայն մամուլի սրահում եւ միջանցքներում պաշտոնյա չխոսեցնել` սպառնալով թե` «Հակառակ դեպքում այլ միջոցների կդիմենք»: Փոխարենը նա խոստացավ լրագրողներին հետաքրքրող պաշտոնյաներին նիստից հետո մամուլի սրահ բերել:
Սակայն նկատենք, որ ամեն հինգշաբթի կառավարության նիստից հետո տարբեր լրագրողներ կառավարության միջանցքում տարբեր պաշտոնյաների են սպասում: Թե ինչպես պետք է որոշվի, թե տվյալ օրը որ պաշտոնյան է մամուլի սրահում ասուլիս տալու` դեռեւս անհայտ է: Այսպիսով, կառավարությունը հնարավորինս նվազեցնում է նախարար-լրագրող շփումը: Մնում է նիստի օրերին նախարարներին կառավարության բակում «բռնացնել», եթե, իհարկե, այդ դեպքում էլ դրսում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին չհրահանգեն վերահսկել մեզ»:




























