Թուրքիայի պետական բանկերը ՌԴ քաղաքացիների համար հաշիվներ են բացում, բայց կեցության իրավունքի եւ աշխատանքի իրավունքի պայմանով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայի Ziraat պետական բանկի մասնաճյուղի ներկայացուցիչը։
Թուրքական Denizbank մասնավոր բանկը սկսել է ռուսաստանցի հաճախորդներից փաստաթղթեր պահանջել, որոնք կհաստատեն Թուրքիայում նրանց կեցության իրավունքը, տեղեկացրել է ՌԲԿ թերթը՝ հղում կատարելով բանկի նամակին։ «ՌԻԱ Նովոստի»-ին բանկում տեղեկացրել են, որ դա կապված է ներքին ընթացակարգերի, այլ ոչ թե ԱՄՆ պատժիչ քաղաքականության հետ։
Ziraat-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուսաստանցիների համար հաշիվներ բացելու արգելքի մասին ոչ մի ծանուցում Թուրքիայի պետական բանկերը չեն ստացել։
Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվել են այն խնդրին, որ բանկերը հրաժարվում են ընդունել դրամական փոխանցումներ Ռուսաստանից։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի խոսքով՝ խնդիրը մասամբ կապված է Թուրքիայի վրա ԱՄՆ ճնշման հետ պատժամիջոցների վերաբերյալ։



























