Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության անվան ներքո ինձնից 2 հազար մանաթ (2 հազար 5 հարյուր դոլար) են կորզել, հայտնել է Բաքվի բնակիչ Քեմալա Ջահանգիրովան, գրում է «Ազադլըգ» թերթը: Բնակչուհու խոսքով, Ազգային անվտանգության նախարարության անունն օգտագործել է Օլեգ Մեմեդով անունով անձը: «Ռաիսա եւ Օգթայ Խուդավերդիեւ անունով անձինք զավթել էին իմ հողատարածքի մի մասը: Ես այդ խնդիրը լուծելու համար դիմել եմ իրավապահ մարմիններին: Այդ ընթացքում Էլիքրամ անունով ծանոթս ինձ տարել է Օլեգ Մեմեդովի մոտ: Վերջին ներկայացավ որպես Ազգային անվտանգության նախարարության քննչական վարչության պետ: Նա կարողացավ շահել իմ վստահությունը: Ավելի ուշ Օլեգ Մեմեդովն ինձ հայտնեց, որ հարցը լուծված է, սակայն պետք է դատախազին 2 հազար մանաթ փող տամ, ես էլ տվեցի: 2010-ի նոյեմբերի 9-ին պարզ դարձավ, որ ոստիկանությունը իմ դիմումի հիման վրա քրեական գործ չի հարուցելու, ես էլ հասկացա, որ խաբվել եմ»,-պատմել է բնակիչը` հավելելով, որ Մեմեդովը սկսել է սպառնալ իրեն եւ անհանգստություն պատճառել, գրում է թերթը: Դրա համար էլ բնակչուհին կրկին դիմել է իրավապահ մարմիններին` խնդրելով ուշադրություն դարձնել այդ հարցի վրա: