Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի հետեւանքով մահացած եղբայրներ 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյանների ընտանիքները,  հաշվեհամար են բացել:  NEWS.am-ը մի քանի անգամ անդրադարձել է այդ ընտանիքի խնդիրներին:

Հիշեցնենք, որ Սորսումատյանի ընտանիքում ոչ ոք չի աշխատում, պապիկը կույր է, թոշակ է ստանում, հարսները եւս առողջական խնդիրներ ունեն: Երեք եղբայրներ իրենց ընտանիքներով ապրում են մեկ տան մեջ, նրանցից մեկի ընտանիքը 5 հոգուց է բաղկացած, իսկ մահացած եղբայրներինը` 8 եւ 5 անդամներից: Արմենն ունի 3 անչափահաս երեխա` մեկ աղջիկ եւ երկու տղա: Մեխակը 7 երեխա ունի` 5 տղա եւ երկու աղջիկ, նրանցից երկուսն են չափահաս: Ընտանիքն ապրում է շատ վատ սոցիալական պայմաններում, 9 քմ տարածքի վրա: Երկհարկանի անկողիններում, 10 երեխա է քնում` տարբեր տարիքի եւ սեռի: Ընտանիքները երազում են բնակարան ունենալու մասին:

NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում Սորսումատյաններ եղբայրների քույրը` Դուխիկը նշեց, որ երկու հաշվեհամար են բացել` Արմենի եւ Մեխակի ընտանիքների համար:  Մեխակի յոթ երեխաներին օգնելու համար կարող եք գումար փոխանցել «Յունիբանկում» Սուսաննա Մանուկյանի անվամբ բացված հաշվեհամարին` 24105006246200: Իսկ Արմենի երեք անչափահաս երեխաներին օգնելու համար կարող եք գումար փոխանցել «Հայէկոնոմբանկում» Գագիկ Գրիգորյանի անվամբ բացված 163088010836 հաշվեհամարին: Սորսումատյանների ընտանիքը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր արձագանքել են տպագրվածին եւ օգնել իրենց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ էր մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Սողանքը խլել է 5 մարդու կյանք: