Եգիպտոսում քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով հայերը վախենում են մեկնել այդ երկիր հանգստի: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրիստական գործակալությունների շրջանում: Մեր հարցախույզը ցույց տվեց, որ մինչ քաղաքական անկայուն իրավիճակը եւ բախումները, ամեն տարի բազմաթիվ հայեր էին մեկնւմ Եգիպտոս: Ըստ որում` մեր համաքաղաքացիներն այդ երկիր հանգստի էին մեկնում հիմնականում հոկտեմբերից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում, հատկապես շատ էին Ամանորն այնտեղ անցկացնել ցանկացողները: Իսկ այս տարի շատ տուրիստական գործակալությունների ոչ ոք չի դիմել` Եգիպտոս մեկնելու համար, նախապես չեն պատվիրել նաեւ Ամանորն այնտեղ անցկացնելու համար: «Արմենտուրից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Եգիպտոս մեկնելու համար ընդհանրապես դիմողներ չեն եղել, քանի որ վախենում են քաղաքական լարված իրավիճակից: «Գոլոբուս» տուրում եւս փաստեցին, որ մարդիկ այլեւս չեն դիմում Եգիպոստ գնալու համար, իսկ երբ դիմողներին շահավետ առաջարկներ են անում այդ երկիրը մեկնելու համար, նրանք հրաժարվում են` Եգիպտոսը համարելով ոչ ապահով: Մեկ այլ գործակալությունում` «Ավանտտուրում» Եգիպտոս գնալու համար դիմել են մարդիկ եւ գնացել են. «Մի քիչ վախենում են, բայց գնում են»,- հայտնեցին «Ավանտտուրից»: «Արգոտուրում» եւս նշեցին, որ Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակը չի խոչընդոտում, որ հայերը մեկնեն այդ երկիր, բայց իհարկե կան նաեւ հրաժարվողներ: «Միայն Կահիրե չեն կարողանում գնալ, որովհետեւ լարվածությունը հենց մայրաքաղաքում է, հետեւաբար` բուրգերն էլ չեն կարող տեսնել»,- նշեցին նրանք:
«Արենի» տուրգործակալության միջոցով եւս մի քանի ընտանիք մեկնել է Եգիպտոս, բայց, նրանց խոսքով, ընդհանուր առմամբ, նվազում կա ներքաղաքական իրավիճակի պատճառով: Տուրգործակալությունների աշխատակիցները նշում էին նաեւ, որ Եգիպտոս մեկնողների թիվը պակասել էր դեռ այն ժամանակ, երբ փակվեց ռուսաստանյան Tez Tour տուրիստական գործակալության հայկական մասնաճյուղը, իսկ Tez Tour գործակալությունը լքեց տեղական շուկան: Դա իր հետ բերեց դեպի Անթալիա եւ Եգիպտոս տուրիստական տուրերի թանկացման, քանի որ այս ուղղություններով տուրիստական գործակալությունն իրականացնում էր ուղիղ չվերթներ:
Որոշ տուրգործակալություններ, ինչպես օրինակ` «Ավանտտուր», «Գլոբուս տուր», նշում էին, որ Եգիպտոս մեկնելու տուրփաթեթի գինը նվազել է, որոշներն էլ, օրինակ` «Արգոտուր», «Արմենտուր», ասում էին, թե բարձրացել է: Ընդհանուր առմամբ` մեկ անձի համար նախատեսված տուրփաթեթի գինը սկսվում է 600 դոլարից եւ հասնում մինչեւ 1500 դոլար:
Հիշեցնենք, որ տարեսկզբից Եգիպտոսի տարբեր քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Կահիրեում հակակառավարական ցույցերը են տեղի ունեցել, որի ժամանակ եղել են բախումներ եւ մի շարք զոհեր: Նշենք, որ Ռուսաստանը, անվտանգության նկատառումներից եւ Եգիպտոսում առկա քաղաքական իրավիճակից ելնելով, իր քաղաքացիներին հորդորել է արձակուրդներ անցկացնելու համար չմեկնել այդ երկիր, քանի որ այնտեղ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը




























