Լոռիի մարզում այսօր կա 51 հազար 785 կենսաթոշակառու քաղաքացի, 2 հազար 681 ծնողազուրկ երեխա եւ 16 հազար 476 ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող հաշմանդամ:

Նշենք, սակայն, որ անցնող տարվա 9 ամիսների ընթացքում համապատասխան սարքեր ու սայլակներ են ստացել ընդամենը 88 հաշմանդամ, ընդհանուր առմամբ, 28 նստասայլակ եւ լսողական խնդիրներ ունեցողների համար 61 լսողական սարքեր: Լոռիի մարզպետարանի սոցիալական ապահովության վարչության տրամադրած տվյալների համաձայն, 2011 թվականի ընթացքում մարզում 29 քաղաքացիների տրվել են պրոթեզաօրթոպեդիկ առարկաներ, 13 օրթեզ:  Ողջ մարզի տարածքում մեծ դժվարություններ են ներկայացնում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մայթերին նախատեսված թեքահարթակների բացակայությունը: Այս խնդրի լուծումը, քաղաքացիների փոխանցմամբ, ցանկալի կլիներ տալ նաեւ գոնե մի քանի խանութների ու առեւտրի կենտրոնների մոտ, որով կապահովվեր դեպի այնտեղ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մուտքը եւս: Նույն այդ քաղաքացիների հավաստմամբ, քաղաքային տրանսպորտի մասին խոսելն անգամ ավելորդ է, հաշմանդամների երթեւեկությունն ապահովող փոխադրամիջոց մարզում գոյություն չունի, իսկ հատուկենտ հաշմանդամներն, ովքեր երբեմն փորձում են օգտվել տեղաշարժվելու այդ «հաճույքից», հարուցում են քաղաքային տրանսպորտի վարորդների զայրույթն ու դժգոհությունը:

Այս հարցին ի պատասխան, Լոռիի մարզպետարանից փոխանցում են, որ այդ եւ նմանօրինակ այլ հարցերի կարգավորումը մշակման փուլում է: Հիմնախնդիր է մնում նաեւ հաշմանդամների մուտքի մատչելիության ապահովումը դեպի պետական ու տեղական ինքնակառավարման հիմնարկներ, հասարակական, մշակութային, մարզական կառույցներ, ընտրատեղամասեր եւ այլն: Այս բոլոր խնդիրների լուծումը խոստանում է տալ անձամբ Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով նաեւ փաստում է, որ առողջապահության ոլորտն իր կողմից մշտական ուշադրության կենտրոնում է; Նշենք նաեւ, որ հենց իր նախագահությամբ գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռիի մարզային հանձնաժողով: