Թբիլիսիում, վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, նոյեմբերի 6-ին, կայացել է «Թբիլիսիի հայ ստեղծագործող կանայք» խորագիրը կրող միջոցառումը: Այն կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը:
Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված պոեզիայի երեկոյին ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանը, թբիլիսահայ գրող-բանաստեղծ Գիվի Շահնազարը, թբիլիսահայ գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Սեփական բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես են եկել մի քանի ժողովածուների հեղինակ Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, Լուսինե Վանոյանը, ընթերցվեցին հատվածներ Էմմա Խաչատրյանի «Անուրջներ» գրքից: Հավաքվածները ունկնդրեցին Աննա Ախմատովայից կատարած Գիսանե Հովսեփյանի թարգմանությունները, Մոնիկա Քյուրքչյանի, Մանանա Կարապետյանի, Դիանա Տեր-Բաղդասարյանի ստեղծագործություններից կտորներ: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ հնարավորություն ընձեռվեց լսելու այն կանանց ստեղծագործությունները, ովքեր գրում են սոսկ իրենց համար, չհավակնելով դրանք տպագրելու կամ որեւէ մեկին ներկայացնելու մասին: Դրանցից էին Էմմա Մալյանը, Սվետլանա Հովսեփյանը, Սուսաննա Հասրաթյանը:
Երեկոյի բնաստեղծական մթնոլորտին նոր շունչ է հաղորդել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի մենակատարուհի Լուիզա Վարդանովայի երգերը, շնորհալի ջութակահարուհի Սենդի Վարդանովայի հրաշալի կատարումները եւ վաստակաշատ դաշնակահար Կարեն Միրզոյանի երգն ու նվագակցությունը:




























