Յուրաքանչյուր տարի մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը՝  կանանց ձեռքբերումները նշելու, գենդերային անհավասարության և խտրականության մասին իրազեկվածությունը բարձրացնելու և կանանց գլոբալ աջակցությունը խթանելու համար: Euronews-ը ներկայացրել է 5 փաստ այս տոնի մասին։

Երբվանի՞ց է նշվում Կանանց միջազգային օրը

1909 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ այն ժամանակվա Սոցիալիստական կուսակցությունը տոնեց Կանանց առաջինազգային օրը՝ ի հիշատակ 15 000 կանանց, որոնք բողոքում էին Նյու Յորքում աշխատանքային ծանր պայմանների և ցածր աշխատավարձերի դեմ: 1910 թվականին կանանց իրավունքների ակտիվիստ Կլարա Ցետկինը՝  Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց մասնաճյուղի ղեկավարը, առաջարկեց Կանանց միջազգային օրվա գաղափարը:

1911 թվականի մարտի 19-ին առաջին անգամ նշվեց Կանանց միջազգային օրը, որին մասնակցեց ավելի քան մեկ միլիոն մարդ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում:

Միայն 1975 թվականին ՄԱԿ-ը ճանաչեց և սկսեց նշել Կանանց միջազգային օրը: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը հանդիսանում է ամենամյա միջոցառման գլխավոր հովանավորը՝ շատ երկրների կոչ անելով ճանաչել սովորական կանանց խիզախության և վճռականության գործողությունները, որոնք արտասովոր դեր են խաղացել իրենց երկրների և համայնքների պատմության մեջ:

Նրանց համար, ովքեր հարց են տալիս և իրենց անտեսված են զգում (հաշտվեք  դրա հետ), գոյություն ունի Տղամարդկանց միջազգային օր, որը նշվում է նոյեմբերի 19-ին աշխարհի ավելի քան 80 երկրներում: Այն նշվում է միայն 1990-ականներից և չի ճանաչվում ՄԱԿ-ի կողմից:

Ո՞րն է Կանանց միջազգային օրվա խորհրդանիշն ու գույնը

Կանանց միջազգային օրվա խորհրդանիշն իգական սեռի խորհրդանիշն է։ Այն սովորաբար ուղեկցվում է մանուշակագույն, կանաչ և սպիտակ գույներով։

Ըստ Կանանց միջազգային օրվա կայքի՝ մանուշակագույնը խորհրդանշում է արժանապատվությունն ու արդարությունը, կանաչը՝ հույսը, իսկ սպիտակը՝ մաքրությունը: Գույները ծագել են Մեծ Բրիտանիայի Կանանց սոցիալական և քաղաքական միության (WSPU)  շնորհիվ 1908 թվականին։

Այն հանգստյա՞ն օր է

Տարբեր երկրներում այս օրը տարբեր կերպ են նշում։ Ոմանց մոտ դա բողոքի օր է, մյուսների մոտ՝ գենդերային հավասարությունը խթանելու առիթ։ Որոշ երկրներում Կանանց միջազգային օրը նշվում է որպես ազգային տոն։

Կանանց միջազգային օրը պաշտոնապես ազգային տոն է ճանաչվել Հայաստանում, Բելառուսում, Կամբոջայում, Կուբայում, Վրաստանում, Լաոսում, Մոնղոլիայում, Չեռնոգորիայում, Ռուսաստանում, Ուգանդայում, Ուկրաինայում և Վիետնամում։

Որոշ երկրներում, ինչպիսիք են Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան և Ուզբեկստանը, այն զուգակցվում է Մայրերի օրվա հետ՝ ընդգծելով կանանց մայր լինելու կարևորությունը: Չինաստանում շատ կանայք կես օրով ազատվում են աշխատանքից, իսկ իտալական Festa della Donna տոնը նշվում է միմոզայի ծաղիկներ նվիրելով։

Ինչո՞ւ է սա պատմական տոն Ռուսաստանում

1917 թվականին Ռուսաստանում կանանց օրը նշելու արդյունքում կանայք ընտրելու իրավունք ստացան։

Այդ տարի Ռուսաստանում կանայք այդ օրը նշեցին «հացի և խաղաղության» գործադուլով՝ ի նշան Առաջին համաշխարհային պատերազմի դեմ բողոքի և հանդես եկան գենդերային հավասարության օգտին:

Նիկոլայ II ցարը շատ հիացած չէր և Պետրոգրադի ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Խաբալովին հրամայեց կարգուկանոն հաստատել և անհնազանդության դեպքում կրա բացել, սակայն նրանք չեն նահանջել, և բողոքի ակցիաները շարունակվել են։ Ցարի՝ գահից հրաժարվելուց հետո ժամանակավոր կառավարությունը բողոքի ակցիաների արդյունքում ձայնի իրավունք շնորհեց կանանց։

Ո՞րն է այս տարվա թեման

Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության տարբեր ոլորտներում բազմազանության կարևորության գիտակցման վրա և ընդգծվում է ներառականության առանցքային դերը գենդերային հավասարության խթանման գործում: