Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը հետաքրքրված է Ճապոնիայի բուհերի հետ շփումների զարգացմամբ: Այդ մասին հայտարարեց բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը այսօր` Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկախիտո Խարադայի (նստըավայրը` Մոսկվա) հետ հանդիպման ժամանակ:
«Մենք վաղուց էինք ցանկանում սկսել ճապոներենի ուսուցում, սակայն դա հնարավոր եղավ իրականցնել ընդամենը մի քանի տարի առաջ», - նշեց ռեկտորը` ավելացնելով, որ ԵՊԼՀ-ը լավ կապեր ունի չինական եւ կորեական բուհերի հետ, եւ ճապաներենի ուսուցման բացակայությունը մեծ բացթողում էր: Նա նշեց, որ բուհը նաեւ հաստատված լավ հարաբերություններ ունի եվրոպական գործընկերների հետ: Ռեկտորը դեսպանին նվիրեց բուհի 75-ամյակին նվիրված համաժողովի նյութերի ժողովածուն, որը հրատարակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: «Բացառիկ երեւույթ է, երբ նման փոքր բուհում դասավանդվում է 20 լեզու: Մեր բուհի շրջանավարտները տիրապետում են 3-5 լեզվի», - նշեց ռեկտորը:
Ս. Զոլյանը որպես համագործակցության հաջող օրինակ նշեց ԵՊԼՀ –ի բազայի վրա Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը: Այստեղ ցանկացողները, առանց տարիքային սահմանափակման, կարող են լեզու սովորել, ծանոթանալ չինական ավանդույթներին: Զոլյանի խոսքով` կարելի է ստեղծել ճապոներենի եւ ճապոնական մշակույթի քարոզման նման կենտրոն: «Եթե ճապոնական կողմը ցանկանա, մենք պատրաստ ենք ծրագիր մշակել» , -նշեց Զոլյանը: Սակայն ցանկությունից բացի, հաջող համագործակցության համար հարկավոր են նաեւ համապատասխան պայմանագրեր:
Իր հերթին դեսպան Տիկախիտոն խոստացավ քննարկել համագործակցության խորացման հնարավորությունները:



























