Միջազգային քրեական դատարանի նոր նախագահ Տոմոկո Ականեն վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կենթարկվի պատասխանատվության Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար։ Նա այս կարծիքն է հայտնել Kyodo News-ի հարցազրույցում։
Նա լրագրողներին մեջբերել է չինական ասացվածքը. «Երկնքի վրեժը դանդաղ է, բայց հաստատ»։
Ականեն նշել է այն խնդիրների մասին, որոնց բախվում է ՄՔԴ-ն, դա վերաբերում է նաեւ այն բանին, որ «վերջին երկու տարիներին չի եղել դեպք, որը հանգեցներ մարդկանց ձերբակալության», որոնց տրվել են ձերբակալության օրդերներ։
Ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն ՄՔԴ երեք դատավորներից մեկն էր, որոնք 2023թ. մարտին ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդերը Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական տեղահանման համար։ 2024թ. մարտին նա դարձել է ՄՔԴ նախագահ։





























