«Կապիտան Լոբանով» ձկնորսական նավատորմի անձնակազմի անդամներից մեկը Дождь-ին պատմել է, որ մարտի 19-ին նավը սխալմամբ խոցվել է Բալթյան նավատորմի զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռից։

Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ հրթիռի խոցման հետևանքով զոհվել է անձնակազմի երեք անդամ, ևս չորսը՝ վիրավորվել։ Հրթիռը, ըստ Дождь-ի աղբյուրի, ընկել է կապիտանի կառավարման սենյակի վրա։

«Երբ փրկվածներին տարան, բոլորը լավ գիտեին, որ երեք մարդ է մահացել։ Եվ բոլորը հիանալի գիտեին, որ հրթիռ է ընկել։ Բայց նրանք որոշեցին գրել, որ «հրդեհ է»: Հետաքրքիր է՝ սա ի՞նչ հրդեհ է, եթե կապիտանի խցիկը լրիվ վերացել է, այն ուղղակի ոչնչացել է»,- ասել է բարեկամը։

Հեռուստաալիքի զրուցակիցը նաև պնդում է, որ հիվանդանոցում տուժածներին հարցաքննել են ԱԴԾ աշխատակիցները, որոնք անձնակազմի անդամներին խնդրել են «չխոսել միջադեպի մասին»։ Նա հավելել է, որ ևս մեկ հրթիռ ընկել է ձկնորսական ցանցերը՝ МРТК ընկերության արդյունաբերական նավի կողքին, որը գտնվում էր «Կապիտան Լոբանով» նավից ոչ հեռու։

Մարտի 19-ին Կալինինգրադի մարզի իշխանությունները հայտնել են, որ «Կապիտան Լոբանով» ձկնորսական նավի վրա հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիսկովը հայտնել է, որ հրդեհը տեղի է ունեցել «նավում արտակարգ իրավիճակի հետևանքով»։ 112 Telegram ալիքը գրել է, որ նավը խորտակվել է։ SHOT Telegram ալիքը հայտնել է երեք մահվան մասին։ Լիսկովը պնդում էր, որ նավը չի խորտակվել, այն քարշակով տանում են դեպի նավահանգիստ։