Ճապոնացի փորձագետների խումբը արդեն երկու տարուց ավելի Հայաստանում սեյսմիկ ռիսկերի    ուսումնասիրությունններ է անցկացնում:  Երեւանի սեյսմիկ ռիսկերի ուսումնասիրության միջանկյալ արդյունքները ներկայացվել են նոյեմբերի 10-ին:

Ինչպես լրագրողներին հայտնել է, փորձագիտական ​​խմբի ղեկավար Ֆումիո Կանեկոն, Հայաստանի փորձագետների եւ գիտնականների  հետ համատեղ հողի, շենքերի վիճակի ուսումնասիրություններ են իրականացվել. «Այս պահին մենք գիտենք, թե ինչ ռիսկեր են առկա Երեւանի համար. Երեւանում մեծ երկրաշարժ տեղի է ունեցել 1679, որի հետեւանքով քաղաքը հիմնովին ավերվել էր: Այս տեղեկության հիման վրա էլ անցկացնում ենք այսօրվա հետազոտությունները եւ գնահատականներ տալիս», - նշել է պարոն Կանեկոն: Ըստ նրա, մայրաքաղաքի ամենամեծ խնդիրը բնակֆոնդի մաշվածությունն է. «Նաեւ կարեւոր է, որ Երեւանի բնակչությունը տեղեկացված լինի հնարավոր վտանգների մասին եւ պատրաստ հնարավոր աղետներին: Մենք ծրագիրը կշարունակենք  եւս մեկ տարի», - ասել է Ֆումիո Կանեկոն:

Քանի որ  Երեւանի շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում, ժամանակի ընթացքում դրանք զգալիորեն թուլացել են: Ըստ փորձագետի` մոտ 5000 բարձրահարկ շենքեր կառուցվել են նշված ժամանակահատվածում, դրանցում բնակվում է Երեւանի  բնակչության գրեթե կեսը. «Մեր գնահատմամբ` ուժեղ երկրաշարժի դեպքում  շուրջ 1000 շենք կփլվի, մյուսները կվնասվեն: Կարող է զոհվել մոտ 30 հազար մարդ, կրկնակի շատ վիրավորներ կլինեն»,- ասել է փորձագետը` ավելացնելով, որ այս չհուսադրող թվերը վերաբերում են  7 մագնիտուդից հզոր  երկրաշարժին:

Կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար հարկավոր է ԱԻՆ-ում, քաղաքապետարանի փրկարարական ծառանությունում հզոր համակարգ ստեղծել:  «Նրանք պետք է որոշեն` ամրացնե՞ն հին շենքերը, թե՞ քանդեն եւ նորը կառուցեն: Անհրաժեշտ է նաեւ դպրոցներում սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ», - ասել է Ֆումիո Կանեկոն: Փորձագետը նաեւ ընդգծել է լրատվամիջոցների դերը աղետի դեպքում, պատշաճ լուսաբանման անհրաժեշտությունը: «Ինչպես տեղեկացնել բնակչությանը: Ինչպես մատուցել տեղեկատվությունը: Կեղծ տեղեկություն չտարածել»: